Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կիրակի օրը հեռախոսային կոնֆերանսում քննարկել են իրավիճակն ՈՒկրաինայում: Ելիսեյան պալատից հաղորդել են. «Հանրապետության նախագահը և կանցլեր Մերկելը օրվա առաջին կեսին նորից են հեռախոսել և ավելի քան երկու ժամ քննարկել են իրավիճակն ՈՒկրաինայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու նախագահ Պորոշենկոյի հետ»: Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները ուշադրությունը բևեռել են ՈՒկրաինայում իրավիճակի կայունացման անհրաժեշտությանը՝ անվտանգության, հրադադարի ռեժիմի երկարացման, ուկրաինական իշխանությունների ներկայացրած խաղաղության ծրագրի իրականացման համար: Նրանք հիշեցրել են հունիսի 27-ին ԵՄ խորհրդի առաջարկների մասին, որոնց արձագանքներին սպասում են մինչև հունիսի 30-ը:
«Ֆրանսուա Օլանդն ու Անգելա Մերկելը ՈՒկրաինայի ու Ռուսաստանի նախագահներին կոչ են արել աշխատել կրակի դադարեցման արդյունավետ մեխանիզմների մշակման և սահմանային վերահսկողության վրա՝ ԵԱՀԿ-ի մոնիթորինգով, սկսելով նախագահ Պորոշենկոյի խաղաղության ծրագրի իրականացումը, իսկ հետագայում պատանդներին ազատ արձակելով»,-ասված է հաղորդագրության մեջ: